Խորհրդարանում քննարկվեց ՀՀ- Բուլղարիա ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու նախագիծը
Ազգային ժողովում քննարկվեց «ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման ռեադմիսիայի մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Կիրարկման արձանագրությունը հաստատվել է Կառավարության որոշմամբ, իսկ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց՝ արձանագրությունները, որոնք այս համաձայնագրի շրջանակում վավերացվում են, նախատեսում են մի շարք պարտավորություններ երկու կողմերի համար:
Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը, հարցազրույցների կազմակերպման կարգը, հետընդունման և տարանցման ընթացակարգերը, այդ թվում՝ ուղեկցորդների ուղեկցության վերադարձի դեպքում կիրառվող պայմանները, սահմանային անցման կետերը, ծախսերը, հաղորդակցության լեզուները։
Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին՝ կողմերի անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը:


