Խաչատուրյանը մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը:
Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը:
Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային համաչափ զարգացման կարևորությանը, այս համատեքստում շեշտել ներկայումս կառավարության կողմից ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների և համակարգային բարեփոխումների կարևորությունը:
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ կառավարության կողմից առաջ քաշված խոշոր նախագծերի՝ մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ և նպատակահարմար կլինի, որպեսզի մասնագիտական հանրույթը հանդես բերի նախաձեռնողականությունը և իր ջանքերն ուղղի ծրագրի տեսական բաղադրիչների հետազոտությանն ու ուսումնասիրությանը՝ փորձագիտական մակարդակով: