հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԿԳՄՍ նախարարը՝ կրեդիտային համակարգի ներդրման մասին

ԿԳՄՍ նախարարը՝ կրեդիտային համակարգի ներդրման մասին

Մենք վերաձևակերպեցինք, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է. հանվել է «այլընտրանքային» բառը, որպեսզի այն դպրոցների համար ամբողջությամբ հեռավար կրթության անցնելու պատրվակ չդառնա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա բարձրացրեց կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հարությունյանը նշեց, որ եթե, օրինակ, երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվել, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն եղել, ապա դպրոցը կարող է իրականացնել հեռավար կրթություն: 

Նա, մասնավորապես, ասաց. «Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ Կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Մենք սրանով ուզում ենք մեծացնել աշակերտական խորհուրդների դերը նաև մրցույթների ժամանակ»:

Նախարարի խոսքով՝ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգերից բացի մրցույթում կավելանան այլ անվանակարգեր, իսկ կրեդիտային համակարգը կներդրվի միայն միջնակարգ կրթության երրորդ աստիճանում՝ 10-12-րդ դասարաններում:

  • Կիսվել: