երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հիմնարկեքի արարողությամբ մեկնարկել են Դեբեդի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները

Հիմնարկեքի արարողությամբ մեկնարկել են Դեբեդի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՔՈԱՖ-ի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հյուրեր:

Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում պետական միջոցներով կատարվող ներդրումներին, մասնավորապես՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու և հիմնանորոգելու Կառավարության ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթական բարենպաստ պայմաններ ստեղծելով՝ կրթությունը դարձնել առավել հասանելի։

«Վստահ եմ, որ լավ միջավայրում կրթության հարուստ բովանդակությամբ և արհեստավարժ ուսուցիչներով նոր դպրոց կունենանք: Շնորհակալություն այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրի կրթության ոլորտի փոփոխություններին ուղղված ծրագրերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Դպրոցի կառուցման «Գիր հաստատման» հուշաթուղթը բարերարների ստորագրությամբ և դպրոցի կրտսեր աշակերտների ձեռքերով դրվել է շինության հիմքում, որով էլ տրվել է Դեբետի դպրոցի շինարարության պաշտոնական մեկնարկը:

Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. այն կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբետում ստեղծելով նոր կրթական միջավայր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում դպրոցի շենքը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կխթանեն արդյունավետ ուսուցման գործընթացը։

 

Նոր դպրոցը կծառայի որպես հիմնական ուսումնական հաստատություն՝ ներառելով տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերը։ Շենքը կբավարարի շուրջ 190 աշակերտի ուսումնառության պահանջը: Դպրոցի բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին:

Դեբետի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 114 աշակերտ, որոնց ուսումնառությունը ժամանակավորապես կազմակերպվում է «COAF ՍՄԱՐԹ» կենտրոնում և Դեբետի վարչական շենքում:

  • Կիսվել: