ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարծում եմ՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան. Քերոբյանը՝ Լարսի մասին

Կարծում եմ՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան. Քերոբյանը՝ Լարսի մասին

Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ առաջինը՝ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, եթե երկու ամիս առաջ միջինը օրական հայկական մեքենաների քանակը 130 էր, որն անցնում էր Լարսի անցակետով, հիմա մոտավորապես 250 է: Մոտ կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը, բայց խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ՛՛,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ այս պահին աշխատում է արագ փչացող ապրանքների արագ անցումը: ՛՛Սա ևս էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել է ռիսկերը, այդ առումով դա ևս մեր, Վրաստանի և Ռուսաստանի համատեղ աշխատանքի արդյունքն է: Կարծում եմ, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան, և մենք նման խնդիր չենք ունենա մինչև օրինակ եղանակների վատանալը՛՛,-նշեց Քերոբյանը:

Նա նաև հավելեց, որ աշխատանքներ են տարվում այլ ճանապարհների բացման, այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ. ՛՛Դրանցից մեկը լաստանավն է: Մենք հիմա վերջնակետին մոտ ենք և ակնկալում ենք, որ մոտակա օրերին ի վերջո այդ հարցը լուծում կստանա, եթե չէ, ապա պլան բ-ին կանցնենք՝ Բաթումիի նավահանգստի միջոցով կկարողանանք այդ նույն գործողությունն անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ: Խնդիրը մեզ համար գերկարևոր է, քանի որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ: Այս ուղղությամբ մենք անդադար աշխատում ենք՝ թե՛ ուղղությունների, թե՛ տրանսպորտային միջոցների, թե՛ դրանց քանակի ավելացման ուղղությամբ՛՛:

Խոսելով Բաթումիի նավահանգստի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նախարարն ասաց, որ դրանք վարում է օպերատոր ընկերություն։ Քերոբյանն հույս հայտնեց, որ այդ հարցը լուծում կստանա:

Իսկ հարցին, թե արդյոք հաշվի չի՞ առնվել այն հանգամանքը, որ հոլանդական ընկերությունը կարող է թույլտվություն չտալ լաստանավերի համար, կամ, որ կան եվրոպական երկրների կողմից իրականացվող սանկցիաներ Ռուսաստանի դեմ, Քերոբյանն ասաց, որ կամ պետք է բոլոր ռիսկերը նկատի ունենալ և ոչինչ չանել, կամ ռիսկի գնալ: ՛՛Ավելի լավ է փորձել անել, եթե նույնիսկ ձախողում ես՝ դրանից փորձ ես ձեռք բերում: Մենք Էկոնոմիկայի նախարարությունում ձևավորել ենք այն մշակույթը, որտեղ մարդկանց քաջալերում ենք անել համարձակ նախագծեր՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: