Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի աճի տեմպերի անկման մասին. Թորոսյան
Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի դեպքերի անկման մասին։ Այս մասին աայսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այո, մենք օրեր ենք ունեցել, երբ 700-ից ավելի դեպքեր ենք ունեցել, սակայն այսօր էլ 612 նոր դեպք ունենք, ինչը ցածր թիվ չէ մեր նմա հզորություններ ունեցող երկրի համար։ Մեր գործողությունները պետք է շարունակվեն թվերի զսպան ուղղությամբ»»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով, միայն հզորությունների ուժեղացմամբ հարցը չի լուծվելու, այլ թվերի զսպումն է հարցը լուծելը՝ կոլեկտիվ հավաքական վարքագծով, կոնկրետ թիրախային ուղղությամբ աշխատելով։
«Դա կլինի նոր կանոններ տարբեր տնտեսավարողների համար՝ ավելի թարմացված և պրակտիկ, միգուցե սահմանափակումներ լինեն ինչ-որ ոլորտների ուղղությամբ, որից մենք փորձում ենք խուսափել, բայց գործիքակազմը մոտավորապես նույնն է ամբողջ աշխարհում»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա, դժվար է գնահատել, թե վերջին օրերի դիմակ կրելու խստացումները չլինեին, ապա գրանցված դեպքերը 600 կլինեին, թե՞՝ 800. «Չեմ ուզում լավատեսական նոտաներ դնել, քանի որ իրավիճակը պետք է կառավարենք և անկման տանենք, բայց միաժամանակ ասել, որ միջոցառումները ոչ էֆեկտիվ են, այնքան էլ ճիշտ չի լինի»։
Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ հզորությունները զարգացնելուն զուգահեռ պետք է ուշադրություն դարձնեն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերին։ «Այո, կկարողանանք վերակենդանացման նոր կենտրոններ բացել և ևս 100-150 պացիենտի սպասարկել, սակայն ծանր և ծայրահեղ դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է։ Այսինքն՝ բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն թվերի զսպմանը, այլ ոչ թե միայն հզորությունների բարձրացմանը»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով հիվանդների սորտավորմանը` նախարարը նշեց, որ այն իրականացվել է հենց սկզբից և հիմա էլ տրիաժի սկզբունքով են աշխատում, երբ պացիենտի վիճակը գնահատելուց հետո որոշվում է, թե ինչ բուժօգնություն պետք է նրան ցուցաբերվի։
«Տրիաժի սկզբունքներն այնպիսին են, որ թեթև և միջին ծանրության հիվանդները տանն են բուժում ստանում։ Դա է քաղաքականությունը՝ մեր և ամբողջ աշխարհում»,- ընդգծեց նա։


