ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կառավարությունը նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտա

Կառավարությունը նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտա

Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց համապատասխան որոշում, որով հնարավորություն է տրվում Զինված ուժերի սննդի պատրաստման  և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ այդ կազմակերպություների կողմից բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

Ըստ նրա՝ որոշման ընդունումը պայմանավորված է սննդի մատուցման պայմանագրերով նախատեսված եւ կազմակերպությունների կողմից ծառայությունների ապահովման նպատակով այլ ծախսերի կատարման պատճառով կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի, ինչպես նաեւ կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու հանգամանքով։

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ այդ կազմակերխպությունների առջև պայման է դրվել՝ որոշ սննդամթերքների պահուստներ ստեղծել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Զինված ուժերում զինվորների սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը, ինչը տեղավորվում է իրենց քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ:

Վարչապետի խոսքով՝ ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան:

«Այն զորամասերում, որտեղ այդ համակարգը ներդրված է, սննդի որակի էական անգամներով փոփոխություն ունենք: Բայց ես ուզում եմ ասել, որ երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի չեն, կանխատեսելի չեն: Մենք ըստ էության պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այս ամենի նպատակն այն է, որ զինվորին ապահովեն հնարավորինս բարձրորակ սննդով. «Ընկերություններն այս ընթացքում ներդրումներ են արել, և դրանք չեն փոխհատուցվել։ Ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը 5-6 այսպիսի կազմակերպության համար ծանր պայմաններ է ստեղծել է իրենց գործունեության հետ կապված:

Նախագծով առաջարկվում է Պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման եւ մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում:

Կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով Կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

  • Կիսվել: