հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թ. զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թ. զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս նախագծով վերջնական փուլ ենք մտնում կրթության ռազմավարության եւ անելիքների ռազմավարության գործում: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի 6 տարվա դադարից հետո ԱԺ-ն հաստատեց կրթության մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը, որով  հստակ ուղենշվեցին կրթության բոլոր մակարդակներում զարգացման  առաջնահերթություններն ու թիրախները. «Սա մեր միակ ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հնրային զարգացման համար:

Այս նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտզը՝ հստակ անելիքներով, արդյունքային  ցուցանիշներով, ժամկետներով, պատասխանատու կառույցներով»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս գործողությունների պլանը ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որպես օրենսդրական պահանջ, ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքով:

Նախագծի ընդունումը, որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ներկայացնող փաստաթուղթ, ամրագրված է նաև մի շարք միջազգային համագործակցության փաստաթղթերում:

Կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թվականների համար:

Կարիք կա ապահովելու «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ որպես ոլորտի հիմնական ռազմավարական փաստաթղթի, կապը միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

Նախագծով նախատեսվում է սահմանել Օրենքից բխող՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման հստակ գործողությունների ծրագիր՝ կրթության բոլոր մակարդակների համար, իրենց արդյունքային ցուցանիշներով ու վերջնական թիրախներով։

Նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով՝

1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.

2) կրթության արդյունավետության բարձրացում, որը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում՝ հիմնվելով կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա.

3) կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն նպաստելով ներքին կրթական ռեսուրսների առաջնահերթ զարգացմանն ու փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

  • Կիսվել: