հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարությունն հաստատեց  2024/2025 ուստարվա բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը

Կառավարությունն հաստատեց 2024/2025 ուստարվա բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերում 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Ընդհանուր առմամբ 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3162 տեղ, որից 2096-ը՝ ՀՀ  բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Նախորդ՝ 2023/2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ  ուսուցման ընդունելության համար  նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2024/2025 ուստարվա համար նախատեսվում է 2096 տեղերից 1264-ը՝ ընդհանուր տեղերի թվի 61%-ը:

Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 598 տեղ, նախորդ տարվա 480-ի փոխարեն (118-ով ավելի):

ՊՆ-ն 2023/2024 ուստարվա՝«Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսել էր 180 տեղ (պլանավորված 350-ի փոխարեն), իսկ այս տարի՝ 160-ը (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350-ի փոխարեն):

2024-2025 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր շրջանավարտների համար (7 տեղ):

Ինչպես 2022/2023  ուստարվա համար, այնպես էլ 2024/2025 ուստարվա համար  հավելյալ 5-տեղ (ընդհանուր` 25) կհատկացվի  Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին։ Ըստ Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտի՝ դրանք նախատեսվում են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

Հաշվի առնելով նաև 2023/2024 ընդունելության մրցույթի արդյունքները, հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2024/2025 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 14 000 տեղհատկացնել վճարովի ընդունելությանը: Դրանք ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների(կրթական ծրագրերի) կբաշխվեն՝նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

  • Կիսվել: