ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների. Վանեցյան

Կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ցուցանիշներին:

Նա նշել է, որ էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:
Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:

Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների:

Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ:

Առողջություն բոլորիս ընտանիքներին»:

  • Կիսվել: