կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կառավարական ամառանոցները պետք է տրվեն զինվորին, զոհված զինվորների ընտանիքներին․ Նազարյան

Կառավարական ամառանոցները պետք է տրվեն զինվորին, զոհված զինվորների ընտանիքներին․ Նազարյան

  Մեր միտքը պայծառացավ, երբ մեր տուն պատերազմ բերեցիք։ Մեր դաշինքում հստակ նշված էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում ոչ միայն կառավարական ամառանոցները պետք է տրվեն վերականգնողական միջազգային մակարդակի կենտրոն ձեւավորելու համար, այլ նաեւ պետք է ստեղծվեր նախարարություն, որը պետք է զբաղվեր բոլոր պատերազմներում տուժածների խնդիրները կարգավորելուն։ Այո, միտքը պայծառացավ, երբ մեր տուն դժբախտություն բերեցիք։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հայտարարելով, որ կառավարական ամառանոցները պետք է տրվեն զինվորին, զոհված զինվորների ընտանիքներին՝ որպես վերականգնողական կենտրոն. այդտեղ պետք է վիրավորը ստանա ոչ միայն բուժում, այլ նաև մասնագիտացում, որ այս կյանքում կարողանա իր տեղը գտնել։ 

Անդրադառնալով ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հերիքնազ Տիգրանյանի առաջադրմանը՝ Նազարյանն ասաց.

«Այս ձեւով մտածող մարդը կարո՞ղ է սոցիալական հարցերով զբաղվել, կարծում եմ՝ ոչ։ Ձեր խմբակցությանը խորհուրդ եմ տալիս մտածել մեկ ուրիշ թեկնածու դնելու մասին։ Այսուհետ եթե զինվորի, զինվորի ընտանիքի, պատերազմի մասին եք խոսում, զգույշ եղեք ձեր արտահայտություններում»։

  • Կիսվել: