շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Գամբիայում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Գամբիայում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ բարձր է գնահատել Իսրայելի հետ առևտրային կապերը դադարեցնելու Թուրքիայի գործողությունները, գրում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և Թեհրանի և Անկարայի երկկողմ հարաբերությունները։Մեկնաբանելով Թել Ավիվի ռեժիմի հետ առևտրային կապերը դադարեցնելու թուրքական կառավարության վերջին որոշումը՝ Ամիր Աբդոլլահիանն այն կարևոր քայլ է անվանել։

Ամիր Աբդոլլահիանը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը, ասելով, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:

Նշվում է, որ Ամիր Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ կոմիտեների ակտիվացման անհրաժեշտությունը։

Ֆիդանն իր հերթին ասել է, որ Թեհրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը Անկարայի առաջնահերթություններից է, և ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

Հայտարարելով, որ Թուրքիան Պաղեստինի հարցը դիտարկում է որպես իսլամական աշխարհի առավել կարևոր հարցը, Ֆիդանն ընդգծել է այս հարցում իսլամական պետությունների ավելի ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: