Կադրեր՝ Գյումրիում ծեծի ենթարկված երեխայի հիվանդասենյակից (տեսանյութ)
Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժան ծեծի ենթարկված 12-ամյա աղջնակը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին։
Նշենք, որ երեխային այցելողներ դեռ չեն եղել։
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա երիտասարդը դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել էր և նրա դստերը։ Հանցագործը նույն օրը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: Ըստ լուրերի 28-ամյա սադիստը 43-ամյա սպանված կնոջ զուգընկերն էր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:
Երեխայի և ընտանիքի մասին տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը դիմել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանին՝ պարզելու, թե որքանով է համապատասխանում իրականությանը սոցիալական ցանցում տարածված այն տեղեկությունը, որ երեխան եղել է Գյումրիի խնամքի կենտրոններից մեկում, իսկ Կառավարության որոշմամբ կենտրոնի փակվելուց հետո երեխան վերադարձել է անբարենպաստ ընտանիք:
Արաքս Կիրակոսյանը հերքեց երեխայի՝ խնամքի կենտրոնում գտնվելու մասին լուրը:
«Երեխան հանրակրթական դպրոցի սան է եղել մինչև հիվանդանոցում հայտնվելը: Նա որևէ խնամքի հաստատության սան չի եղել: Ապրել է իր մայրիկի հետ, որևէ կերպ մեր տեսադաշտում չի հայտնվել՝ որպես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա»,- ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակիցը:


