Ջրծաղիկի պատվաստանյութերի օգտագործման մասով որևէ հապաղում չունենք. Անահիտ Ավանեսյան
2024 թվականին արձանագրվել է օրգանների փոխպաստվաստման 26 դեպք՝ կանխատեսված 24-ի դիմաց, ոսկրածուծի պատվաստման 57 դեպք՝ կանխատեսված 56-ի դիմաց: Կարևոր է, որ մենք տարեցտարի ավելացնում ենք այս թանկարժեք, բայց կյանք փրկող ծրագրերի հասանելիությունը քաղաքացիների համար: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նաև ընդգծեց, որ 2024-ին ավելացել է տարբեր տեսակի պատվաստանյութերի ծավալների աճը: Այս համատեքստում Ավանեսյանը հիշեցրեց, որ 2024-ի դեկտեմբերին պիտի մեկնարկեր ջրծաղիկի պատվաստանյութի կիրառությունը, որի մատակարարման հետ կապված, ճիշտ է, որոշակի հետաձգում եղավ, բայց 2025-ի հունվարի վերջից այն մեկնարկեց:
«Քաղաքացիների կողմից բավականին լավ ընկալվում է, և չունենք ջրծաղիկի պատվաստանյութերի օգտագործման մասով որևէ հապաղում: Առաջիկայում կվերանայենք նաև շրջանակները, թե ում համար է ազգային ծրագիրը հասանելի»,- ասաց նա: