Իշխանությունները քաղաքականություն ունեն՝ նվաստացնելու այն ամենը, ինչ ազգային է. Գալստյան
«Մի տեսակ տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանությունները ալերգիա ունեն այն ամենի հանդեպ, ինչն իր մեջ ազգայինն ունի: Ցանկացած մարդ, ով այս խճանկարը միացնի, մի պատկեր կտեսնի, այս իշխանությունները, կարծես թե, դիտավորյալ կամ ծրագրված քաղաքականություն ունեն՝ նվաստացնելու այն ամենը, ինչ ազգային է, այն ամենը, որ պետք է սնուցի մեր ինքնությունը, ամրացնի հայի ոգին»,- ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ հայոց եկեղեցու հանդեպ նույնպես ոտնձգություններ են կատարվել, և դա հաստատում է, որ իշխանությունները պատերազմ են հայտարարել ամեն հայկականին:
«Վերջին մեկուկես տարում արշավանք կա մշակութային օջախների նկատմամբ, կրթության ու մշակույթի»,-ասաց Գալստյանը և հավելեց, որ կասկածելի մրցույթներում դրամաշնորհներ են տրվում են ազգային ենթատեքստ չունեցող երևույթների:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամներն ու ԵՊՀ ուսանողները ԿԳՄՍՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: