չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իշխանության ներսում տեսակի և արժեքների բախում է․ «Ժողովուրդ»

Իշխանության ներսում տեսակի և արժեքների բախում է․ «Ժողովուրդ»

«Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, տեսակի և արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արևմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին:

Երեկ այս ահազանգը հնչեց նաև ԿԳՄՍ նախարարության ներսից: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրը սպրդեց մամուլ՝ ահազանգելով ավելի լուրջ իրավիճակ, քան կարելի էր պատկերացնել: Նա նախարարության ներսում խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է, մինչ այս ով խոսում էր կրթության չափորոշիչների դեմ, համարվում էր քոչարյանական, ՀՀԿ-ական, դավադիր ուժերի ազդեցության տակ գտնվող մոլորյալ, անբարոյական և այլն: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. կրթության չափորոշիչների դեմ է արտահայտվել ներսից փոխնախարարը և մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ի նշան բողոքի:

Նա հայտարարել է, թե իրեն վատ է զգում, որ մեր ազգային արժեքները այսպես հետևողականորեն ոչնչացվում են: Նա նաև դեմ է արտահայտվել սպորտի գործիչներին պատժելու առաջարկներին, որոնք հնչել են նախարարությունում: Այսինքն՝ առաջարկ է եղել անգամ օլիմպիական չեմպիոններին պատժել, որպեսզի որևէ դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին չկանգնեն, սակայն Թամրազյանը առարկել է՝ ասելով, որ քաղաքականությունը չպետք է խառնել սպորտին:

Թեև, մյուս կողմից, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանի հետ, որին բուհի խորհուրդը ընտրել է ռեկտորի պաշտոնում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում: Բուհի դասախոսների և ուսանողների մի խումբ նույնիսկ կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպեց, սակայն անօգուտ: Ու չի բացառվում՝ Թամրազյանի հեռանալն ու զայրույթը նաև սրանով պայմանավորված լինի. չի կարողանում իր ռեկտորին անցկացնել: Թամրազյանը նաև տապալել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին գահընկեց անելու գործընթացը. մայիսից մինչև օրս նրա ազատման որոշումն ընդունվեց միայն երեկ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: