Ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում 2024-ին հաստատվել է 1350 հեկտար այգեհիմնման հայտ. Արման Խոջոյան
2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 958,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,6 տոկոսով: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Նրա խոսքով՝ բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455,6 մլրդ դրամ, որը աճել է 0,9 տոկոսով, անասնաբուծությունը` շուրջ 503,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 2,2 տոկոսով:
«Եթե մենք գյուղատնտեսական համախառն արտադրանքին ավելացնում ենք նաև ձկնաբուծությունը, ապա կարող ենք ասել, որ համախառն գյուղատնտեսական արտադրանքը կազմել է շուրջ 1 տրիլիոն 20 մլրդ դրամ, և ընդհանուր՝ ոլորտում աճ է գրանցվել՝ նախորդ տարի 1,9 տոկոսով»,- ասաց նա՝ նշելով, որ ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Խոջոյանը տեղեկացրեց նաև՝ գյուղատնտեսությանը 2024-ի հաստատված բյուջեն կազմել է 44,5 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն եղել է 41,9 մլրդ դրամ, և ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97 տոկոս՝ 40,7 մլրդ դրամ:
Նախարարությունն իրականացնում է 5 ծրագիր՝ 39 միջոցառումներով:
Խոսելով իրականացված ծրագրերի մասին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակներում 2024-ին հաստատվել են 1350 հեկտար այգեհիմնման հայտ և շուրջ 1660 հեկտար, որը ներառում է նաև այգեհիմնումը, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ:
«Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի ավարտը այգեհիմնման բաղադրիչով մենք արդեն գրանցել ենք 7730 հեկտար հայտ: Ծրագրերի մեկնարկից փաստացի հիմնվել է շուրջ 3270 հա այգի: Ծրագրերի շրջանակում 2024-ին պետական բյուջեից ծախսվել է 19 մլրդ դրամ, և Կառավարությունը սահմանել էր թիրախ, որպեսզի յուրաքանչյուր տարի հիմնվի 1000 հա այգի»,- նշեց նա՝ հավելելով, որ փաստացի այդ թիրախն ապահովվում է:
Էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է նաև տնամերձ հողամասերում այգիների հիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման աջակցության ծրագիր: