ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչպիսին է լինելու աշխարհի ամենահամեղ խորովածի փառատոնը 2021 թվականին

Ինչպիսին է լինելու աշխարհի ամենահամեղ խորովածի փառատոնը 2021 թվականին

Այս տարի արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնը շատ անակնկալներ է խոստանում։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ դրան մոտ 50 տաղավարներ ու ավելի քան 5 հազար հյուրեր կմասնակցեն:

Խորովածի փառատոնն այս տարի կզարմացնի հյուրերին բազմաթիվ տաղավարներով, համեղ ուտեստներով և հայկական ավանդական խորովածի նոր բաղադրատոմսերով: Միջոցառումը կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է անցկացվում ու բավականին մասշտաբային է լինելու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Խորովածի 13-րդ փառատոնը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ին, ու կշարունակվի մինչև 19:00-ը:

Մասնակիցներին կգնահատեն «Լավագույն համ», «Լավագույն գաղափար», «Լավագույն արտաքին տեսք» անվանակարգերում:

«Կտեղադրվեն մինչև 50 տաղավարներ, մենք 3-5 հազար հյուր ենք ակնկալում։ Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից՝ մրցույթ և մշակութային ծրագիր։ Ժյուրիի կազմում վրացի մասնագետներ կլինեն», - ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով՝ մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Վրաստանի ու Ռուսաստանի մասնակիցները։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է տեղին նման միջոցառում անցկացնել երկրի ու հայ ժողովրդի համար այսքան ծանր ժամանակներում, Մամուլյանը նշեց, որ դրանում խնդիր չի տեսնում:

Խոհարարն ընդգծեց, որ փառատոնը թույլ կտա բարելավել մարզի գոնե մի քանի տասնյակ ընտանիքների ֆինանսական վիճակը, ուստի, քննադատություն ընդունելով հանդերձ, մտադիր չէ հրաժարվել փառատոնի անցկացումից:

Փառատոնից մեկ օր առաջ Մամուլյանն ու նրա թիմը վարպետության դաս կանցկացնեն ընտանեկան տիպի հոսթելների ու հյուրանոցների սեփականատերերի ու մենեջերների համար:

Ինչ վերաբերում է փառատոնի օրվան՝ ապա այսուհետ այն միշտ կանցկացվի օգոստոսի վերջին կիրակի օրը: Ապագայում կազմակերպիչները մտադիր են այն միջազգային դարձնել։

«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն իր հերթին կարծում է, որ մասնակիցների մասին Մամուլյանի ներկայացրած տվյալները չափազանց համեստ են: Նրա անձնական հաշվարկներով՝ այս տարի փառատոնին մինչև 20 հազար հյուր կմասնակցի:

Ընդ որում, նրա կարծիքով, այնուամենայնիվ, մեծանասնություն կկազմեն տեղի բնակիչները, քանի որ համավարակը չէր կարող չանդրադառնալ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի վրա:

Խաչիկյանն անդրադարձավ նաև միջոցառման հանրահռչակմանը՝ ընդգծելով, որ դրան միջազգային կարգավիճակ տալու համար անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ: Չէ՞ որ խոսքը միայն փառատոնի մասին չէ, այլ ամբողջ աշխարհում Հայաստանի առաջխաղացման մասին։

Փառատոնին Բելգիայից կմասնակցի նաև Youtube-ի աստղ, խոհարարական բլոգեր, մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը:

Նա նշեց, որ 2017-ին, երբ իմացել է փառատոնի մասին, գաղափարը նրան միանգամից դուր է եկել։

«Երեք օրում տոմս գնեցի և Հայաստան եկա։ Ամեն տարի գալիս եմ ու ամեն անգամ նորովի եմ ոգևորվում»,-ասաց Հարությունյանը։

  • Կիսվել: