երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորներն առաջարկում են պատգամավորներին հատկացվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000 դրամ

Իմքայլական պատգամավորներն առաջարկում են պատգամավորներին հատկացվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000 դրամ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Վիկտոր Ենգիբարյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 250 000 դրամ՝ այժմ գործող 50 000-ի փոխարեն։

Պատգամավորները նախագիծը հիմնավորում են այն հանգամանքով, որ օրենքի ընդունումից՝ 2013-ից հետո չի վերանայվել այդ դրույթը, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: «Բացի այդ՝ 2015-ի Սահմանադրության փոփոխություններով ՀՀ-ն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաև պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակի ընդլայնմամբ»,-ընդգծել են պատգամավորները։

Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից՝ հաշվի առնելով, որ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ պակասում մոտ 17,7 մլն դրամով։

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման ԱԺ 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ։

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Նախագիծն ԱԺ-ում կքննարկվի հուլիսի 15-ին՝ արտահերթ նիստի ընթացքում։

 

  • Կիսվել: