Իմքայլական պատգամավորներն առաջարկում են բարձրացնել դատավորների կենսաթոշակը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են բարձրացնել դատավորների կենսաթոշակը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգրքում» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ դատավորների թոշակի անցնելու գործընթացում օրենսդրական բաց կա, որ առաջացել է, երբ 2019 թվականի հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել դատավորների կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմին վերաբերող հոդվածը:
«Այդ բացը կարգավորման անհրաժեշտություն ունի և նախաձեռնել ենք օրենքում փոփոխություն կատարել։ Դատական օրենսգրքի 57-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել հետևյալ կերպ, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի 75 տոկոսից»,- ասաց Արթուր Դավթյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարցրեց, թե արդյոք 75 տոկոսը համապատասխանում է նախկին կարգավորումներին, ինչին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ նախկինում եղել է 55 տոկոս, որը ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել, այսինքն` այս դեպքում ավելանում է։
«Եթե ՍԴ-ի որոշումը չլիներ, դատավորը ստանալու էր 55 տոկոս, հիմա այդ որոշումը կա և եթե դատավորը թոշակի գնա, այդ 55-ը չի ստանալու, բայց նաև չունենք այս պահի դրությամբ գործող օրենք, որ այս 75-ը պիտի ստանա։ Ինքը գնալու է ստանա հասարակ թոշակավորման եղանակով, այսինքն` մոտ 30-40 հազար դրամ է լինելու։ Իրավիճակը սա է և օրենքը պարտադրում է, որ բարձր պետք է լինի թոշակը»,-ասաց Արթուր Դավթյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ ներկայումս մոտ 77 դատավոր կենսաթոշակ են ստանում։
Ըստ նրա, դատավորի համար կենսաթոշակի երաշխավորված չափն իր վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի 75 տոկոսն է։



