«Իմ քայլը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն վստահեցնում են՝ դրսից գումարներ չեն ստանում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրսից գումարներ չի ստանում: Այսօր խորհրդարանում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ֆինանսավորվում են դրսից ու ակտիվ գործունեություն են ծավալում:
Մակունցն ասաց, որ իրենց կուսակցության միջոցները գոյանում են անդամավճարներից և հանրային դրամահավաքներից։
ԱԺ փոխնախագահը Վահե Էնֆիաջյանը նույնպես վստահեցրեց, որ ԲՀԿ-ն դրսից չի ֆինանսավորվում։ Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է և իրենց գործունեության ընթացքում երբևիցե նմանատիպ խնդիրներ չեն ունեցել։ «Նման հարցադրումները որևէ կերպ չէր կարող մեզ հետ առնչություն ունենար։ Մեր գործունեությունը միշտ եղել է թափանցիկ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ կատակեց. «Մենք դրսից ֆինանսավորում չունենք, անգամ կարող եմ ասել՝ ներսից ֆինանսավորում չունենք։ Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն է «Լուսավոր Հայաստանը», որ մեդիա չունի, չի եղել նման քաղաքական միավոր, որ գոնե մի հատ թերթ չունենա»:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես են գործունեություն ծավալում, կուսակցության ղեկավարն ասաց. «Ձեր աջակցությամբ»։