ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հրո ճարակ է դարձել Ճամբարակ քաղաքի բնակչի տունը

Հրո ճարակ է դարձել Ճամբարակ քաղաքի բնակչի տունը

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերվա ընթացքում բռնկված հրդեհի հետեւանքով գրեթե ամբողջությամբ այրվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ Նվեր Վարդանյանի առանձնատունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից, իրենց մոտ ահազանգը ստացվել է օգոստոսի11-ին, ժամը 23։45 րոպեին։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը՝ 00:10-ին, մարվել՝ 03:05-ին: Այրվել է երկհարկանի տունը՝ մոտ 150 քառակուսի մետր մակերեսով։

Ճամբարակի համայնքապետարանի հաղորդած տվյալներով, «Նվեր Վարդանյանն իրեն պատկանող բնակարանում ապրում էր տիկնոջ եւ չորս անչափահաս երեխաների հետ: Այրվել են բնակարանի տանիքն ամբողջությամբ, առաստաղը, դռներն ու պատուհանները, տան ամբողջ գույքը»:

Համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը դեպքի վայրում ճշգրտում է հրդեհի պատճառները եւ վնասի չափերը:

 

  • Կիսվել: