Հորատանցքերի վիճակի ուսումնասիրություն, Սևանա լճի խնդիրների, էկոհամակարգի սպառնալիքների քննարկումներ. անցած շաբաթը ՇՄ նախարարության կառույցներում
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները.
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
«Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովն է անցկացվել՝ «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաներով։
Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները օգոստոսի 21-22-ին Տավուշի մարզի Բագրատաշեն և Դեբեդավան գյուղերի անդրսահմանային ստորերկրյա ջրային մարմիններում իրականացրել են դաշտային ուսումնասիրման աշխատանքներ: Արդյունքում առանձնացվել է երկու հորատանցք, իրականացվել են դրանց վիճակի ուսումնասիրություններ, համապատասխան կահավորումներ, չափումներ: Հոկտեմբեր ամսից սկսած, առանձնացված հորատանցքերում վրացի գործընկերների հետ համատեղ կիրականացվի ջրի քանակի և որակի մոնիթորինգ:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
ՊՈԱԿ-ի գրասենյակում «Maqoor» բնապահպանական ՀԿ-ի անդամների և կամավորների հետ էկոկրթական հանդիպմանը գործունեության երկկողմ ներկայացումներից բացի քննարկվել են բնական միջավայրերի գործընթացների խախտում առաջացնող՝ կենսածին և մարդածին գործոնների փոխազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկության կյանքի որակի վրա, էկոհամակարգերի խաթարումներն ու սպառնալիքները։
Կազմակերպության ԲՀՊ տարածքների բարձր լեռնային հատվածներում տարվել են տեղադրված առցանց տեսահսկման համակարգերի սպասարկման և նորոգման աշխատանքներ։
Հայաստանի բնության պետական թանգարանում
Կենսաբանության ուսուցիչների վերապատրաստման դասընթաց է անցկացվել։ Ներկայացվել են Հայաստանի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները, բուսական և կենդանական աշխարհի տեսակային բազմազանությունը, դրա պահպանության հիմնախնդիրները, բնության թանգարանների դերն ու նշանակությունը սովորողների էկոլոգիական կրթության գործընթացում։
Արգելոցապարկային համալիրում
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում իրականացվում են տնկարանային աշխատանքներ:
«Ջրվեժ» անտառպարկում ձևավորման և բարեկարգման աշխատանքներ են տարվում:
«Սևան» ազգային պարկում
Այցելուների կենտրոնոմ հյուրընկալած հայ և օտարազգի բազմաթիվ զբոսաշրջիկներ ծանոթացել են ազգային պարկի ֆլորային, ֆաունային, բնապահպանական առանձնահատկություններին:



