ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հիմա մենք այս քննարկմամբ խթանում ենք, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն․ Նիկոլ Փաշինյան

Հիմա մենք այս քննարկմամբ խթանում ենք, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր հերթական նիստին հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որի նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է։

Այսպիսով` մշակված նախագծերով կբացառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչը կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա։

Հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեն լավ տեմպերով իրականացնում է օդային լուսանկարահանումներ Հայաստանի բնակավայրերի, և մենք ինչ–որ ժամկետի դրությամբ կունենանք ՀՀ–ում իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ «Մենք չենք կարող ասել, որ այսօրվանից այս պահին գոյություն ունեցող ապօրինի շինությունները քանդվում են, որովհետև, հասկանալի է, որ լինի, պետք է որոշակի ժամանակային լագ թողնել»,–ասաց նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ ամբողջ դաշտային աշխատանքներն ավարտված են, տվյալների մշակման փուլում են գտնվում։

Ինչ վերաբերում է ժամկետներին, թե որ օրվանից հետո չեն իրականացնի ապօրինի շինարարություն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ պետք է շատ հստակ լինեն և այնպիսի ժամանակային հատված չտան, որ մեծածավալ ապօրինի շինություններ լինեն։ 

«Դուք հիշո՞ւմ եք՝ ընտրությունների գիշերն ինչ էր տեղի ունեցել Երեւանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել: Ես համաձայն չեմ այս մոտեցման հետ: մենք պետք է հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք: Հիմա ձեր հայտարարությունից հետո մի քիչ էլ լոբբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգձգվի, էլ չեմ ասում կդիմեն ՍԴ, մի 3 ամիս էլ էդտեղ կգնա, Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն: Դա սխալ մոտեցում է: Այս 4 ամսվա ընթացքում կարելի է 10 հարկանի շենք կառուցել 100 հատ:

Հիմա մենք այս քննարկմամբ ահավոր խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, գնան, ապօրինի շինարարություն անեն: Սենց բան ոնց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»,–ասաց Փաշինյանը:

Ի վերջո քննարկումից հետո որոշում կայացվեց նախագիծը անհետաձգելի ճանաչել, արտահերթ Ազգային ժողովի նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով ընդունել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձևավորել, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություններ ստացվեն։

 

 

 
 
 
 
 
 

 

 

 
 
 
 
 
 

  • Կիսվել: