կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ՀՀ-ում սրտային վիրաբուժության զարկերակը բաբախում է միջազգային չափանիշներին համահունչ․ Գագիկ Հեբոյան

ՀՀ-ում սրտային վիրաբուժության զարկերակը բաբախում է միջազգային չափանիշներին համահունչ․ Գագիկ Հեբոյան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ձեռքբերումների, սիրտ-անոթային հիվանդությունների առանձնահատկությունների և դրանց հնարավոր կանխարգելման, սրտի արատների ախտորոշման արդյունավետությունը տարեց-տարի բարձրացման, վիրահատական մեթոդների կատարելագործման, կենտրոնի ղեկավարի հաջողության գրավականի մասին եւ ոչ միայն Infoport.am –ի «Առողջապահություն» խորագրի շրջանակներում զրուցել ենք ՀՀ-ում և արտերկրում լայն ճանաչում ձեռք բերած «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ եւ ԱՀ ԱՆ նախարարների սրտի վիրաբուժության գծով խորհրդական, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի դասախոս, Ազգային առողջապահական ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի դոցենտ ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԻ հետ։

Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է մանկական՝ հատկապես նորածնային սրտային վիրաբուժությունը

- Հայտնի է, որ սիրտ-անոթային հիվանդությունները ամենատարածվածն են մարդկության շրջանում, իսկ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը ՀՀ-ում այդ հիվանդությունների կանխարգելման և բուժման առանցքային կենտրոնն է: Կպատմե՞ք Կենտրոնի մատուցած ծառայությունների, դրանց առանձնահատկությունների մասին։

-Տարածված կարծիք կա, որ սիրտ-անոթային հիվանդությունները հիմնականում ախտահարում են տարեց, հիվանդ մարդկանց: Բայց դա թյուր կարծիք է, այդ հիվանդություններով հաճախ տառապում են նաև երեխաներ` դեռ նորածնային տարիքից, և մեր Կենտրոնի Սիրտ-անոթային վիրաբուժության ծառայությունը զբաղվում է եւ մանկական եւ մեծահասակների սրտային վիրաբուժությամբ։ Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է մանկական՝ հատկապես նորածնային սրտային վիրաբուժությունը։ Մեզ են դիմում սրտի արատով ծնված երեխաները՝ սկսած նորածնային հասակից։ Լինում են երեխաներ, ովքեր ծնվում են կյանքի հետ անհամատեղելի արատներով եւ ժամերի մեջ պետք է որոշում կայացվի եւ գործողություն իրականացվի։ Լինում են երեխաներ, որոնք ունենում են արատներ, որոնց միջամտությունը կարելի է հետաձգել, կան երեխաներ, որոնց մոտ կյանքի ընթացքում են ի հայտ գալիս արատներ։

-Դուք նշեցիք, որ կան սրտի հետ կապված արատներ, որոնց միջամտությունը կարելի է հետաձգել, կխնդրեի այդ մասին մի փոքր մանրամասնել։

-Արատներ կան, որոնք որ կյանքի հետ անհամատեղելի չեն, բայց ժամանակի ընթացքում կարող են չշտկվող վնասվածքներ առաջացնել։ Աշխատում ենք նորածնային հասակում նման միջամտությունների չգնալ եւ եթե հնարավոր է, ապա հետաձգում ենք մինչեւ երեխային ավելի մեծ տարիքը, որպեսզի ավարտուն վիրահատություն լինի։

-Սրտի արատներով ծնվող երեխաների ստատիստիկայի հետ կապված ի՞նչ տենդենց է նկատվում։

-Կարող ենք արձանագրել, որ ախտորոշելու տեսանելիությունն է մեծացել, այսինքն խնդիրը տեսնելու եւ շուտ դիագնոզելու։ Այսօր կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր հանրապետության առողջապահական համակարգը այնքան է զարգացել, որ կարողանում են երեխայի արատը ախտորոշել արգանդում։

-Կա՞ն վիրահատություններ, որոնք դեռ Հայաստանում չեն իրականացվում։

-Կարող եմ հպարտությամբ ասել, որ ՀՀ-ում սրտի վիրաբուժությունը միջազգային մակարդակին համահունչ քայլերով է ընթանում։ Ինչպես ասում են, ձեռքը պահում ենք զարկերակի վրա: 

Բարձունքը միշտ չէ, որ այդքան ցանկալի բան է, որովհետեւ բարձունքից ընկնելը շատ ավելի վտանգավոր է

-Բժիշկ, կհիշե՞ք Ձեր առաջին սրտի վիրահատությունը, ինչ զգացումներ ունեիք այդ պահին ու ինչ փոխվեց տարիների ընթացքում։

-Ես ինքնուրույն սկսել եմ վիրահատել 2014 թվականից, բայց այս մասնագիտության մեջ եմ 2002թ․-ից, հետո չորս տարի աշխատել եմ, որպես օգնական-վիրաբույժ, հետո անցել եմ մասնագիտացման կուրս ու միայն 2014թ․-ից իրավունք եմ ստացել վիրահատելու։ Մինչեւ 2014թ․-ը բախտ եմ ունեցել վիրահատություններ անել իմ կոլեգա Արա Անանյանի հետ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ էի զգում առաջին վիրահատությունների ժամանակ, ապա դեռ շատ տարիներ պետք է անցնեն, որ կարողանամ այդ էմոցիաները փոխանցել։ Բայց վստահ  կարող եմ ասել, որ ժամանակի մեջ ոչ թե ավելի ապահով ենք զգում, այլ ընդհակառակը՝ ավելի զգուշավոր ենք դառնում։

Այսինքն բարձունքը միշտ չէ, որ այդքան ցանկալի բան է, որովհետեւ բարձունքից ընկնելը շատ ավելի վտանգավոր է, քան  ստորոտից ընկելը։ Ժամանակի հետ պատասխանատվությունը մեծանում է, որովհետեւ հասկանում ես, որ քեզ հավատում ու վստահում են ու դու իրավունք չունես նրանց հուսախաբ անելու։ Ամեն անգամ վիրահատարան մտնելիս հետեւում զգում ես երեխայի հարազատների աղերսող հայացքը, որի ողջ պատասխանատվությունը մնում է բժշկի ուսերի վրա։

-Եղե՞լ է դեպք, երբ վիրահատել եք Ձեր հարազատին։

-Անմիջական ուղիղ հարազատին չէ, բայց հարազատներ եղել են, որ վիրահատել եմ։

-Բժիշկ, ասում են, որ ցանկացած լավ թիմային աշխատանքի հիմքում լավ ղեկավարն է, համամիտ եք։

-Համամիտ եմ միանշանակ, բայց իմ կարծիքը մեր ղեկավարի՝ Միքայել Ադամյանի մասին, կարող է սուբյեկտիվ թվալ, որովհետեւ մենք ուսանողական ընկերներ ենք։ Բայց վստահ կարող եմ ասել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ճակատագրակա փուլում իր անուրանալի ներդրումն  ունեցավ ու մինչ օրս ունենում է Միքայելը։ Միքայելի հետ դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու․

Ընտանիքը ամենակարեւոր ու նուրբ տեղն է, որտեղ ես ինձ պաշտպանված ու միեւնույն ժամանակ անպաշտպան եմ

-Բժիշկ, Ձեր թույլտվությամբ անցնենք բլից հարցերի, պատրաստե՞ք։

-Սիրով։

-Հայրենիքը Ձեզ համար։

-Հավատամք։

-Բժիշկը։

-Մասնագիտություն։

-Ընտանիքը։

-Ընտանիքը ամենակարեւոր ու նուրբ տեղն է, որտեղ ես ինձ պաշտպանված ու միեւնույն ժամանակ անպաշտպան եմ զգում։

-Զինվորը։

-Հայրենիքի սիմվոլ։

-Մայրը։

-Սրբույթյուն։

-Արցախը։

-Հայկական գոյատեւության սիմվոլ։

-Ընկերը։

-Ընկերը իմ արժեհամակարգը կրող եւս մեկն է։

-Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները։

-Ինքս չգիտեմ իմ բոլոր գաղտնիքները։

-Ով երբեք չի կարող լինել Ձեր կողքին։

-Դավաճանը ու կապ չունի ինչ դավաճանություն է։

-Ինչի համար եք ափսոսում։

-Չեմ ափսոսում։

-Արտասվո՞ւմ եք։

-Հա, ու դա նորմալ է։

-Երջանկությունը։

-Պահի զգացողություն, երջանկությունն այն է, որ իմ տղան մեծանա ապահով երկրում ու երբեք չմտածի, որ կարելի է այլ երկրում ավելի լավ ապրել։

-Եվ վերջում ինչպիսի հայրենիքի մասին  եք երազում։

-Ամուր, ապահով, ծաղկուն, զարգացող, տարածաշրջանում կարեւորություն ունեցող Հայաստանի մասին եմ երազում։

-Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռին, ինչ կանեիք։

-Բոլորին կհրահանգեի գլուխները կախ գործ անեին։

  • Կիսվել: