ՀՀ-ում երեխայի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել
Հայաստանում մանկահասակ երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում՝ արտերկրից ժամանած՝ հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:
Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:
Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:
Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: