երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ բախվել են Renault-ն և Suzuki մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ բախվել են Renault-ն և Suzuki մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ՀՀ Պաշտպանության նախարարության հարևանությամբ բախվել են Suzuki մոտոցիկլն ու Renault մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Առաքելյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը։ 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։ 

  • Կիսվել: