երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված բնակիչներին և տնտեսվարողներին. Լոռու մարզպետ

ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված բնակիչներին և տնտեսվարողներին. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդու համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ հունիսի 19-ին այցելել են Ալավերդի համայնքի հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամաս:
 
Թաղամասի մաքրման աշխատանքները հիմնականում ավարտված են: Արամ Ղազարյանը զրուցել է բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարվեն՝ ուղղված բնակիչներին և տնտեսվարողներին։
 
Սանահին կայարան թաղամասում ենթակառուցվածքները վերականգնված են: Ջրամատակարարման և ջրահեռացման խնդրի հիմնովին լուծման համար Լոռու մարզպետի կողմից տրվել են հանձնարարականներ:
 
Շրջայցի ընթացքում դիտարկվել են նաև թաղամասում առկա ինքնակամ կառույցները, քննարկվել են ապօրինի շինությունների ապամոնտաժման հետ կապված հարցեր:
 
Լոռու մարզպետը եղել է նաև Ախթալայի կամրջի մոտ, հետևել է երկաթգծի ամրացման շինաշխատանքներին, ինչպես նաև զրուցել է այս հատվածում ծառայություն կատարող ոստիկանների հետ:
 
Պաշտոնյաներն այցելել են նաև «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ: Կոմբինատի գլխավոր տնօրեն Վիլեն Հակոբյանը և գլխավոր ինժեներ Դավիթ Աբգարյանը մարզպետին են ներկայացրել պղնձի խտանյութի առաքման խնդիրը, որն առաջացել է Ախթալայի կամրջով անցնող տրանսպոտային միջոցների սահմանափակման պատճառով: Հարցի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կոմբինատի բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով: Քննարկվել են նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման խնդրի հետ կապված հարցեր:
 
Լոռու մարզպետն այցելել է նաև Քարկոփ բնակավայր, որտեղ նրան ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Այստեղ վերականգնվել է փողոցային լուսավորությունը, խմելու ջրի մատակարարումը, մաքրվել են այգիները, բնակավայրի կոյուղագծերը, կատարվել են ճանապարհների խճաքարային հարթեցման աշխատանքներ։
 
Արամ Ղազարյանը հանդիպել է նաև Քարկոփի դպրոցի տնօրենի հետ: Քննարկվել են առկա խնդիրները:

  • Կիսվել: