չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահը ներկայացրել է առաջիկա անելիքները

ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահը ներկայացրել է առաջիկա անելիքները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերն, անելիքներն ու տեսլականը: 

Նա անդրադարձավ ռազմարդյունաբերական բլոկին՝ համարելով այն կարևոր հարց: ՛՛ԳԱԱ-ն արդյունավետ աշխատում է այդ ուղղությամբ: Իմ ռազմավարական խնդիրների մեջ այդ կետը կա: Աշխատանքները պետք է ակտիվացնել, բովանդակային իմաստով կանոնակարգել:

Առաջին հերթին պետք է հասկանալ ռազմաարդյունաբերական կոմպլեքսի և պաշտպանության համակարգի, գիտահետազոտական գործունեության որ ուղղությունն է պետք առաջնահերթ: Դրանից հետո իրականացնել մոնիթորինգ՝ ակադեմիայի ինստիտուտներում առկա գիտահետազոտական խմբերում և որոշել, թե որ գիտնականների խումբը կարող է աշխատանքներ տանել տվյալ ուղղություններով»,-ասաց Սաղյանը:

Սաղյանն ասաց, որ ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ուղղությունների ներուժի օպտիմալացումն իր ծրագրի գլխավոր կետերից է: Այն նախատեսում է նաև օպտիմալացում՝ հենց ռազմաարդյունաբերական ուղղությամբ, պաշտպանության համակարգում: Նա կարևորեց նաև պետական միջոցների առկայությունը: Նա նշեց. ՛՛Խնդիրը դժվար է, մենք երկար ժամանակ ռազմական արդյունաբերությամբ չենք զբաղվել՛՛:

Ըստ Սաղյանի՝ ակադեմիան պետք է ունենա որոշիչ դեր՝ ծրագրերի կատարման հարցում:

Նշենք, որ ակադեմիայի փոխնախագահ է ընտրվել թղթակից-անդամ, մասնագիտությամբ ֆիզիկոս Հրանտ Մաթևոսյանը, ակադեմիկոս-քարտուղար է ընտրվել գիտնական Արթուր Իշխանյանը: Ակադեմիկոս-քարտուղարները վերընտրվել են: Ընտրվել են նախագահության նոր անդամներ, կան նաև վերընտրվածներ:

 

 

  • Կիսվել: