չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայտնի մրցավար Կոլինան խոսել է Հայաստանից երեխա որդեգրելու լուրերի մասին

Հայտնի մրցավար Կոլինան խոսել է Հայաստանից երեխա որդեգրելու լուրերի մասին

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով հերքվել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ և Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինան Հայաստանից երեխա է որդեգրել հանցավոր ճանապարհով:

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան իր հերթին նույնպես հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալության հետ զրույցում:

«ԵՍ ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն իմ կինն ու ես երբեք չենք մտածել այդ մասին»,- ասել է մրցավարը:

ԱՆ ներկայացրած պարզաբանման մեջ մասնավորապես, նշվում էր.

«Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայում ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ եւ Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինայի վերաբերյալ հայտարարությունը՝ առ այն որ վերջինս երեխա է որդեգրել Հայաստանի Հանրապետությունից եւ այն էլ հանցավոր ճանապարհով, պաշտոնապես տեղեկացնում ենք.

Արդարադատության նախարարությունը երբեւէ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից չի ստացել Պյեռլուիջի Կոլինայի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու մտադրությամբ: «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որեւէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա:

  • Կիսվել: