Հայկ Մարությանի ստորագրահավաքն ավելի շատ քարոզչաբարոյախրատական բնույթ ունի. Թեւանյան
Ողջունելի է, որ Հայկ Մարությանն էլ է ստորաագրահավաք իրականացնում տրանսպորտի թանկացման դեմ, բայց մեր նախաձեռնությունը, մեր ստորագրահավաքը տարբերվում է նրանով, որ մերը իրավական հետեւանքներ է ունենալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ խոսելով իրենց առաջարկած նախագծից:
Նրա խոսքով, Մարությանի նախաձեռնությունն ավելի շատ քարոզչաբարոյախրատական բնույթ ունի. «Այսինքն հավաքել ստորագրություններ, որպեսզի ճնշեն իշխանություններին: Մեր պարագայում, մենք քաղաքապետարանից վերցրել ենք կնիքված ձեւաթղթեր, շատ կոնկրետ ձեւով պետք է լրացնել: Ստորագրահավաքին կարող է մասնակցել միայն այն քաղաքացին, որը ունի Երեւանի գրանցում եւ կարող է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Մյուս ստորագրահավաքին կարող են միանալ ասենք, Դիլիջանից ու Արմավիրից: Մեր դեպքում կոնկրետ ժողովրդական պետիցիայի ուժով մենք պարտադրում ենք ավագանու նիստում քննարկել կոնկրետ նախագիծ: մեր ստորագրահավաքի տակ նախագիծ կա, եւ քաղաքացիները ստորագրելով միանում են այդ նախագծին ու դառնում դրա համահեղինակ»,-ասաց Թեւանյանը:
Նա տեղեկացրեց, որ ըստ կարգավորումների, եթե ընտրության իրավունք ունեցողների մեկ տոկոսը ստորագրում է այս նախաձեռնության տակ, ապա իրենց ներկայացրած նախագիծը իրավունքի ուժով մտնում է ավագանու նիստ քննարկման:
«Եթե որոշեն մերժել այդ նախագիծը, ապա օրենքը թույլ է տալիս արդեն ընտրողների 10 տոկոսի ստորագրությունները հավաքելու դեպքում հարցը միանգամից մտցնել հանրաքվեի՝ Երեւանում: Սա աննախադեպ է եւ կունենա նաեւ քաղաքական հետեւանքներ.լ-ասել է նա: