հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանը Արցախին նվիրաբերեց 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա

Հայաստանը Արցախին նվիրաբերեց 10 շտապ բուժօգնության ավտոմեքենա

ՀՀ կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ որոշման նախագծի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։

Նրա խոսքով՝ նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է բուժառուին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։

Մյուս 7­ը գծային ավտոմեքենաներ են՝ հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։

Փոխնախարարը հայտնեց, որ շտապօգնության 10  ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։

Նշվեց նաև, որ ավտոմեքենաների ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 300 մլն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կարևորելով նախագծի ընդունումը՝ հույս հայտնեց, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով։

  • Կիսվել: