Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի քարտեզագրման, նախավիրահատական ու հետվիրահատական քայլերին առնչվող հարցեր ու այլ երկրների հետ փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները։
Ծրագրի մեկնարկը տալու նպատակով նախատեսվում է դիտարկում՝ կապված ՀՀ-ում հիվանդների թվի և ընդհանուր իրավիճակի հետ։ Կձևավորվի ծրագրի իրագործման թիմ, կիրականացվի քարտեզագրման գործընթաց, կընտրվեն համապատասխան բուժառուները։
Ծրագիրը նպատակ ունի փրկել շուրջ 90 հիվանդի կյանք, և, հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը՝ «Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսակետից։