երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում խմելու ջրի կորուստները գերազանցում են 70 տոկոսը, ոռոգման ջրինը՝ 20 տոկոսը

Հայաստանում խմելու ջրի կորուստները գերազանցում են 70 տոկոսը, ոռոգման ջրինը՝ 20 տոկոսը

Հայաստանում խմելու ջրի մատակարար, ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրային հաշվեկշռում ջրակորուստները գերազանցում են 70 տոկոսը։

Համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության հաշվետվությունների տվյալների՝ 2019-2022թթ․ ընթացքում խմելու ջրի կորուստները նվազել են ընդամենը 5 տոկոսով՝ 76 տոկոսից հասնելով 71 տոկոսի։

2022թ․ համակարգ մուտք գործած 541․469․4 հազար խմ խմելու ջրից մատակարարվել է ընդամենը 155․065․0 հազար խմ-ն, մնացած 386․404․4 հազար խմ-ը կորուստ է։ Ջրակորուստները կազմել են 71 տոկոս։

2021թ․ համակարգ մուտք գործած 548․605․1 հազար խմ խմելու ջրից մատակարարվել է ընդամենը 144․313․5 հազար խմ-ն։ Ջրակորուստը կազմել է 404․291․6 հազար խմ՝ 73 տոկոս։

2020թ․ համակարգ մուտք գործած 551․581․1 հազար խմ խմելու ջրից մատակարարվել է 136․575․5 հազար խմ-ն, ջրային կորուստները կազմել են 415․005․6 հազար խմ՝ 75 տոկոս։

2019թ․ համակարգ մուտք է գործել 563․101․0 հազար խմ խմելու ջուր, մատակարարվել՝ 131․738․8 հազար խմ, իսկ կորուստը կազմել է 431․362․2 հազար խմ՝ 76 տոկոս։

Ոռոգման համակարգում ջրային կորուստները հասնում են շուրջ 20 տոկոսի։ Վերջին 2 տարվա կտրվածքով՝ ոռոգման համակարգում կորուստները նվազել են 2 տոկոսով։

2022թ․ 1․186․645․5 հազար խմ ջրառից ջրտուքի կետերում մատակարարվել է 958․412․4 հազար խմ ջուր, կորել է 228․233․1 հազար խմ ջուր՝ 19 տոկոս։

2021թ․ իրականացվել է 1․142․524․5 հազար խմ ջրառ, մատակարարվել՝ 922․877․0 հազար խմ, իսկ կորուստը կազմել է 219․647․5 հազար խմ՝ 19 տոկոս։

2020թ․ 1․129․641․8 հազար խմ ջրառից մատակարարվել է 902․231․8 հազար խմ, կորել՝ 227․410․0 հազար խմ ջուր՝ 20 տոկոս։

2019թ․ 1․157․809․5 հազար խմ ջրառից 913․422․5 հազար խմ-ն մատակարարվել է, 244․387․0 հազար խմ-ն՝ կորել։ Ջրակորուստը կազմել է 21 տոկոս։

Նշենք, որ Հայաստանի ջրային ռեսուրսները խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Մեր երկրում ջրի պահանջարկը մնում է չբավարարված։ Հիմնական ջրամբարները կիսով չափ են լցվում, քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար Սևանա լիճը տարեցտարի բացասական հաշվեկշիռ է գրանցում, խմելու ջրի աղբյուրները ցամաքում են։ Արարատյան արտեզյան ավազանում ջրի հորիզոններն իջել են, խորացել են անապատացման գործընթացները: Նման պայմաններում այսչափ ջրակորուստներն անընդունելի են։

Սկզբնաղբյուրը՝ Ecolur.org

  • Կիսվել: