ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումները բարձր մակարդակով են իրականացվում. Սահակյան

Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումները բարձր մակարդակով են իրականացվում. Սահակյան

Հայաստանում մեկնարկել է իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը միջոցառման շրջանակում անդրադարձավ Հայաստանում պատվաստումների խնդրին՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանում պատվաստումները բարձր մակարդակով են իրականացվում:  

«2000 թվականից ի վեր մենք դիֆթերիա չենք ունեցել, պոլիոմիելիտ չենք ունեցել 1995 թվականից ի վեր: Կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների առումով մեր երկիրը համարվում է էլիմինացված, այսինքն՝ վերացված»,- ասաց մասնագետը՝ չբացառելով, որ, այդուամենայնիվ, բերովի դեպքեր կարող են լինել, քանի որ այս պահին, օրինակ՝ կարմրուկի առումով ամբողջ աշխարհում հանգիստ համաճարակային վիճակ չէ:

«Գրեթե բոլոր երկրներում կարմրուկի բռնկման դեպքեր են գրանցվում: Նույնիսկ երկրներ կան, որ բավական մեծ թվով բռնկումը մեծ տարածում է ստացել: Վերջերս Ռուսաստանի Դաշնությունը տարածեց հաղորդագրություն, որ 44 երկրամաս կարմրուկի բռնկման մեջ է, և երկրում մասսայական պատվաստումներ են իրականացվում:

Այն, որ ՀՀ-ում մենք խնդիր չունեցանք, բերովի դեպքերի հետ կապված՝ լոկալ բռնկում գրանցվեց, և ներկայում համաճարակաբանական իրավիճակը հանդարտ է, կրկին ապացուցեց, որ ՀՀ-ում պատվաստումները բավականին բարձր մակարդակով են իրականացնում, և մենք ունենք կոլեկտիվ իմունիտետ, կոլեկտիվ պաշտպանվածություն: Միայն այն փաստը հաշվի առնելով, որ կարմրուկը վարակիչ հիվանդություններից ամենավարակելին է, այսինքն՝ 10 շփվածից 9-ը հաստատ հիվանդանում են, մեր երկրում շատ տարածում չստացավ, և, բարեբախտաբար, մենք շարունակում ենք էլիմինացված կարգավիճակը պահպանել»,- ասաց մասնագետը՝ ընդգծելով, որ Հայաստանում ժամանակին են պատվաստվում:

«Այս պահին մեր պատվաստումների ազգային օրացույցով մենք 15 պատվաստանյութով պայքարում ենք 18 հիվանդության դեմ, կառավարվում է 18 վարակիչ հիվանդություն: Պատվաստումը սկսվում է ծննդատնից, ավարտվում՝ պոլիկլինիկաներում, ամբողջ կյանքի ընթացքում հասանելի են պատվաստումները: Եվ պետք է նշեմ, որ բոլոր տարիքային խմբերում ամբողջական պատվաստումները, այսինքն՝ տարիքին համապատասխան պատվաստումները, 90 տոկոսից ավելի է ծածկույթը կազմում»,- եզրափակեց Գայանե Սահակյանը:

  • Կիսվել: