Հայաստանում կարգելվեն սպառողին մոլորեցնող գովազդները. քննարկում խորհրդարանում
Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ, ինչպես նաև ստեղծել ազնիվ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայր։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի և հարակից օրենքների փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ենթադրվում է, որ տվյալ օրենսդրական փաթեթը թույլ կտա սպառողների շահերի պաշտպանությանը վերաբերող դրույթները լիարժեքորեն համապատասխանեցնել Եվրոպական միության դիրեկտիվներին։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ներդնել հեռավար և գրասենյակից դուրս կնքվող պայմանագրերի ինստիտուտը, սահմանել նման պայմանագրերին ներկայացվող պահանջները, սպառողին տրամադրվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սպառողի կողմից դրանցից հրաժարվելու իրավունքն ու կարգը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկումը ԵՄ օրենսդրությանը շարունակվում է։ Օրենսդրական փաթեթում ներառված չորս դիրեկտիվները վերաբերում են սպառողների հետ պայմանագրերում անբարեխիղճ պայմաններին, հեռավար և գրասենյակից դուրս կնքվող պայմանագրերում սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորեցնող և համեմատական գովազդին, ինչպես նաև սպառողների պաշտպանության իրավական միջոցներին՝ ապրանքի սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում։
Մասնավորապես, նախագիծը սահմանում է անբարեխիղճ պայմանների տեսակները՝ ամրագրելով, որ պայմանագրում նման պայմանի առկայության դեպքում այն անվավեր կհամարվի: Այսպիսով, ինչպես կարծում են Կառավարությունում, վաճառողներն ու ծառայություններ մատուցողներն այլևս չեն կարողանա անբարեխիղճ պայմաններ ներառել պայմանագրերում: Նույնիսկ եթե նման պայմանները ներառվեն, դրանք անվավեր կհամարվեն:
Պապոյանն անդրադարձել է նաև մոլորեցնող և համեմատական գովազդի թեմային՝ ընդգծելով, որ համապատասխան դիրեկտիվի հետ ներդաշնակեցման արդյունքում կսահմանվեն այդ հասկացությունների սպառիչ սահմանումները:


