հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում կապիկի ծաղիկի թեստեր կան. նախարարությունը` վարակի տարածմանը հակազդելու մասին

Հայաստանում կապիկի ծաղիկի թեստեր կան. նախարարությունը` վարակի տարածմանը հակազդելու մասին

Հայաստանը Ռոսպոտրեբնադզորից կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստ-համակարգեր է ստացել։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ թեստ-համակարգերն ուղարկվել են միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում՝ այդ վարակի տարածմանը հակազդելու գործում որպես օգնություն բարեկամ երկրներին: Սա առաջին դեպքը չէ։

Դեռևս հուլիսին Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է փոխանցել «Վեկտոր» ԱԳԿ-ի արտադրած թեստային համակարգերը՝ կապիկի ծաղիկը հայտնաբերելու համար։ Այն ժամանակ ՌԴ-ից ստացված թեստային համակարգերը նախատեսված էին 200 հետազոտության համար։ Հայաստանը թեստային համակարգեր է ստացել նաև ԵՄ-ից։

ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հսյտնել են, որ երկիրն ապահովված է բավարար քանակությամբ թեստային համակարգերով՝ կապիկի ծաղիկ վիրուսի ախտորոշման համար: Գերատեսչությունում հստակեցրել են նաև, որ երկրում առայժմ այդ վարակով վարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն անհանգստացնող ախտանշաններով քաղաքացիների կենսանյութերի արդեն յոթ լաբորատոր հետազոտություն է իրականացվել:

Առողջապահության նախարարությունում նշել են նաև, որ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կապիկի ծաղիկի տարածումը կանխելու համար։

Միաժամանակ Հայաստանի սահմաններին շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները, որոնք կոչված են կանխելու վարակի մուտքը երկրի տարածք:

2022 թվականի մայիսի 28-ից նոյեմբերի 28-ն արգելվում է պրիմատների և կրծողների ներմուծումը Հայաստան, ինչպես նաև դրանց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրից կամ տարանցումը հանրապետության տարածքով:

  • Կիսվել: