շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում. Սինանյան

Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում. Սինանյան

Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում: Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետին առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հանգիստ եմ երեխաներիս համար, երբ գնում են դպրոց կամ այլ տեղ»,-նշել է նա։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջնային հարցերից է համարել հայաստանյան կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու հարցը:

Նա, անդրադառնալով ՀՀ քաղաքական գործընթացներում սփյուռքի մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում երկպալատ խորհրդարան ձևավորելու վերաբերյալ հարցին, նշել է, որ առհասարակ գոյություն ունեցող բանաձևերից է երկպալատ խորհրդարանի ստեղծումը՝ սփյուռքյան խորհրդակցական պալատով, սակայն Հայաստանում տարբերակների ընտրության շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ տեսակետ ունի հանձնակատարի գրասենյակը, որ արտասահմանի հայկական կազմակերպությունները, քաղաքականությամբ զբաղվող սփյուռքահայերը կարողանան մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին՝ Սինանյանը պատասխանել է. «Սա այն հարցերից մեկն է, որ կարծում եմ՝ ամենաառաջինն է այն օրակարգում, որը պետք է ձևավորվի մեր հաջորդ համաժողովի ընթացքում. ինչպես ենք գտնում մի բանաձև, ստեղծում մի կառույց, որը առանց Հայաստանը վտանգավոր ցնցումների ենթարկելու, հնարավորություն կտա սփյուռքին իր ձայնը շատ ավելի լսելի դարձնել հայաստանյան կյանքում»:

Նա հավելել է, որ  անիվ հորինելու կարիք չկա, մոդելներն աշխարհում կան, մի քանիսն են, պարզապես պետք է համաձայնվել մի բանի շուրջ և իրագործել այն:

«Երկպալատ խորհրդարանի տեսակը մեկն է այդ հնարավորություններից, որը գոյություն ունի, իհարկե, խոսքը օրենսդիր պալատի և խորհրդակցական սփյուռքյան պալատի մասին է: Բայց կան նաև այլ բանաձևեր: Անհրաժեշտ է, որ մենք հավաքվենք մի սեղանի շուրջ, քննարկենք հարցը և տեսնենք, թե որն է մեծամասնության և պետության համար ընդունելի և անցնենք առաջ»,-ասել է Սինանյանը:

  • Կիսվել: