երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հայաստանն ու երկրի խորհրդանշան Արարատ լեռը՝ ԱՄՆ պետքարտուղարության ամսագրի շապիկին

Հայաստանն ու երկրի խորհրդանշան Արարատ լեռը՝ ԱՄՆ պետքարտուղարության ամսագրի շապիկին

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամսագրի շապիկն այս անգամ զարդարել են Հայաստանն ու երկրի խորհրդանշանը՝ Արարատ լեռը: Ամերիկյան statemag.state.gov հանդեսն անդրադարձել է Հայաստանին՝ հրապարակելով ծավալուն հոդված մեր երկրի մասին, գրում է 1lurer.am-ը: 

Հոդվածի հեղինակ Լիա Միլլերը Հայաստանը նկարագրել է որպես հինավուրց երկիր՝ իր դարավոր հարուստ պատմությամբ:

«Այս երկիրը կարող է հպարտանալ իր՝ աշխարհում ամենահին խաղողի այգիներով, վառ ու համեղ խոհանոցով, լեգենդար հյուրասիրությամբ, տեսարժան ու գեղեցիկ բնապատկերներով ու միջազգայնորեն ճանաչված կենսաբազմազանությամբ»:

Ամերիկյան պարբերականը գրում է, որ Forbes-ն ու Condé Nast Traveler հեղինակավոր հանդեսները բազմիցս անդրադարձել են Հայաստանին ու երկիրն ընդգրկել աշխարհում ճանապարհորդության լավագույն վայրերի ցանկում: Իսկ National Geographic’s-ը Հայաստանը վերջերս ընդգրկել է «Զիլ երկրների» շարքում:

ԱՄՆ պետքարտուղարության ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դարավոր պատմությանը, որը գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, երկրի մշակույթն ավելի դինամիկ, բացառիկ ու գունեղ է դարձրել:

Առանձնահատուկ անդրադարձ է եղել Արարատ լեռանը կամ Մասիսին, ինչպես գրում է հանդեսը՝ այն անվանելով երկրի ազգային խորհրդանշան: Եվ թեպետ լեռն այժմ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, Արարատը հավերժ մնում է հայերի սրտերում՝ որպես մշակութային ու պատմական հպարտության աղբյուր:

Հանդեսն անդրադարձել է նաև Հայաստանում արհեստագործական հմտություններին, հայերի հանրահայտ հյուրասիրությանը, հայկական համեղ խոհանոցին, ինչպես նաև հայերի համար համազգային խաղ դարձած շախմատին:

 

  • Կիսվել: