Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տրամադրվել է շուրջ 750 մլն դրամ աջակցություն, արտահանվել է 7.5 մլն լիտր
Պետությունը 2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:
««Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 մլն դրամ ծավալով աջակցություն: Դրա արդյունքում արտահանվել է շուրջ 7.5 մլն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,-ասաց փոխնախարարը:
Կառավարությունը «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը» հաստատել էր նախորդ տարի: Դրանով նախատեսված էր կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։