ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն

«Հայաստանի Հանրապետություն»․ Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախամուտքի դեր ստանձնած առեւտրի կենտրոնի մուտքերի խիստ նեղացված լինելու պատճառով այս կայարանի վիճակը մխիթարական չէ: Լիարժեք ազատ է միայն Բաղրամյան փողոցից մուտքը (Մետրոպոլիտենի վարչության շենքի կողմից): Հոկտեմբերին նկատվեց, որ քաղաքային իշխանությունները ձեռնարկել են աստիճանները զավթած կրպակների ապամոնտաժումը: Մեկ-երկու կրպակ հանվեց Կասյան եւ Հր. Քոչարի փողոցների կողմում գտնվող մուտքի աստիճանների վրայից: Հանվեցին Կիեւյան փողոցի սկզբնամասի եւ Հ. Հակոբյան փողոցի կողմում գտնվող աստիճանների վրա տեղադրված որոշ կրպակներ: Թվում էր՝ սկսվածը շարունակվելու է, ազատվելու են բոլոր մուտքերը, սակայն ...

Գործընթացը կանգ առավ, եւ աստիճանների վրա դեռեւս «նստած են մնում» մի քանի կրպակներ: Ի դեպ, երբ տեղադրվել էին կրպակները, աստիճանների որոշ հատվածներ քանդվել էին հորիզոնական մակերես ստանալու համար: Կրպակները հանելուց հետո քանդված աստիճանների տեղում կտրվածքներ՝ փոսեր են առաջացել: Ցանկացած պահի դրանցում մարդիկ կարող են ընկնել եւ վնասել ոտք ու ձեռք: Բայց սա էլ դեռ գլխավորը չէ: Բանն այն է, որ եթե անգամ հանվեն բոլոր կրպակները, ինչը աներկբա լինելու է վաղ թե ուշ, միեւնույնն է, դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ խցանված են մնալու օղակաձեւ անցումից դեպի արտաքին ելքերը բացվող միջանցքները:

Բիզնեսի «արդարացնող» քողի տակ աստիճանաբար զբաղեցվել են անցումի բոլոր անկյուններն ու խոռոչները, կրպակների տեղադրմամբ երկկողմանի նեղացվել են նաեւ օղակաձեւ անցումից դեպի արտաքին ելքեր բացվող միջանցքները. եթե միջանքը ի սկզբանե ունեցել է, ասենք, 6-7 մետր լայնք, այսօր մնացել է 3-3,5 մետր: Հասկանալի է, որ վտանգի դեպքում այդպիսի միջանցքով առեւտրի կենտրոնի աշխատակիցների, հաճախորդների, ինչպես նաեւ մետրոյի վերջնակայանից դուրս եկած մեծաթիվ ուղեւորների արագ տարհանում կազմակերպելը իրատեսական չէ»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: