կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայագիտության ոլորտի վերաբերյալ Գորգիսյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Հայագիտության ոլորտի վերաբերյալ Գորգիսյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

«Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրի համար 2020 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:

 «Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտնել է, որ 2020 թ․պետական բյուջեի նախագծում ներառված չէ «Հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրում» եւ «Արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպում» կետերով նախատեսված ֆինանսավորումը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում վերոնշյալ միջոցառումները 2020թ․ պետական բյուջեի նախագծում ներկայացվել են «Օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդում» ծրագրով, եւ այդ ծրագրի համար նախատեսվել է ավելի քան 48 մլն դրամ։ Այսպիսով, 2019թ․բյուջեի հետ համեմատ՝ ֆինանսավորումը կրկնակի ավելացել է (24 մլն դրամ՝ 2019թ․համար)։

Ավելին, ի հավելումն գոյություն ունեցող համալսարաննների (Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Բուխարեստի պետական համալսարան, Զալցբուրգի համալսարան)՝ ծրագիրն իրականացվելու է նաեւ Կահիրեի համալսարանում։ Նշենք, որ այս համալսարանը նախկինում ընդգրկված չի եղել»:

  • Կիսվել: