չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայ փախստականները ողջունում են Բրյուսելյան բանակցություններում նախկին բնակավայրեր ապահով վերադարձի հարցի քննարկումը

Հայ փախստականները ողջունում են Բրյուսելյան բանակցություններում նախկին բնակավայրեր ապահով վերադարձի հարցի քննարկումը

Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շամխորից, Շամախիիից, Մինգեչաուրից, Եվլախից, Թովուզից և Նախիջևանից մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպությունները ողջունում են հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։

Հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ նշել են. «Մենք՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շամխորից, Շամախիիից, Մինգեչաուրից, Եվլախից, Թովուզից և Նախիջևանից մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպություներս, ողջունում ենք մեզ հասած հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում մեր նախկին բնակավայրեր մեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկման վերաբերյալ:

Մեր՝ փախստականներիս և բռնի տեղահանվածներիս ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացումը խիստ անհրաժեշտություն է մեր շահերի և իրավունքների պաշտպանության համատեքստում:

Այդ նպատակով առաջնային ենք համարում Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական քաղաքականության մակարդակով իրականացվող հայատյացության քարոզի իսպառ վերացումը և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցումը, իրենց կողմից իրականացված հանցագործությունների փաստերի ընդունումը, մեր կրած վնասների փոխհատուցումը և միջազգային երաշխիքների ներքո մեր արժանապատիվ եւ անվտանգ վերադարձն ապահովելու համար գործուն քայլերի ձեռնարկումը: Կոչ ենք անում քաղաքակիրթ հանրությանը աջակցել մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանը և պատրաստակամություն հայտնում արդյունավետ ներգրավվել այս ուղղությամբ համագործակցության մեջ»:

  • Կիսվել: