Հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին, երեխա է վնասվածքներ ստացել․ Մովսես Քեշիշյանը մանրամասներ է հաղորդում
«Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական մի միություն կա, այնտեղ ապակիներ են փշրվել, հայերի շրջանում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա վիրավորվել է»,- Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Ըստ նրա՝ Իրանի այլ քաղաքների հայկական թաղամասերին մոտ հարձակումներ եղել են, սակայն հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Հարցին՝ ինչո՞ւ է թիրախավորվել Թեհրանի հենց հայկական թաղամասը, Քեշիշյանը պատասխանեց․ «Նրանք թիրախավորում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև ոստիկանատները, այդ տարածքում ոստիկանատուն կար։ Մյուս տեղերն էլ, որ նորից հայկական թաղամասերին մոտիկ էին, ոստիկանատներ են եղել, որ հարվածվել են»։
Քեշիշյանը նշեց, որ չնայած պատերազմական վիճակ է, միևնույն է՝ մարդիկ շարունակում են ապրել առօրյա կյանքով, այնպես չէ, որ տներից դուրս չեն գալիս։ «Մարդիկ իրենց խանութներն են գնում, իրենց փոքր աշխատանքները գործում են, խանութները բաց են, կյանքը նորմալ ընթանում է։ Բայց դրա կողքին մեծ գործարանները արձակված են, և այն տեղերը, որ մարդկանց զանգվածային, այսպես, հավաքներ է լինում, կամ տեղեր, որոնք մարդիկ կարող են աշխատել, ինչպիսին, ասենք, մարզադահլիճները, մարդկանց կուտակում է լինում, այդ տեսակ տեղերը փակում են, որպեսզի մարդկանց համար վտանգ չստեղծվի»,-նշեց նա։
Հավելենք, որ ավելի ուշ Հայաստանում Իրանի դեսպանությունը ևս տեղեկացրեց, որ ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։


