Համակարգային կոռուպցիան քաղաքապետարանից իսպառ վերացել է. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ պետական ապարատում նախկինների դիմադրությունը կարելի է բաժանել մի քանի կատեգորիայի: Այս մասին նա ասաց Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ:
Քաղաքապետը նշեց. «Ամենավատ կատեգորիան հատուկ դիմադրությունն է, որ մարդը հատուկ վատություն է անում: Երկրորդ կատեգորիան, որ ամենավտանգավոր է, քանի որ վիրուսի պես տարածվում է, դա այն է, որ մարդիկ ալարում են աշխատել, չեն ուզում աշխատել: Որ ասում են՝ մեկ է, նույն գումարն եմ ստանալու, ինչի՞ անեմ:
Այստեղ պետք է նշեմ մոտիվացիայի կորուստը: Երևանի քաղաքապետարանը ամենակոռումպացված կառույցներից մեկն էր: Այսօր համակարգային կոռուպցիան քաղաքապետարանից իսպառ վերացվել է: Մարդիկ, որ աշխատում էին X գումար, հիմա աշխատում են 5 անգամ քիչ, 10 անգամ քիչ: Եվ մարդիկ ասում են՝ լավ, ինչի՞ համար ինձ ճղեմ:
Երրորդ կատեգորիան միջգերատեսչական պատերազմների կատեգորիան է, երբ ամեն գերատեսչություն վերմակը քաշում է իր վրա»:
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք հիմա կա՞ դիմադրություն, թե՞ ոչ: «Առաջին կատեգորիան կա շատ ավելի քիչ, նրանց ժամանմակի ընթացքում հայտնաբերում ու հանում ես: Երկրորդ կատեգորիան հայտնաբերելը շատ ավելի դժվար է»,-ասաց Մարությանը:


