Հացադուլը դադարեցրած երիտասարդները «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բուժզննության նպատակով:
Տղաներն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները, տրվել են բժշկական անհրաժեշտ բոլոր ցուցումները՝ հացադուլից անվնաս դուրս գալու համար:
Եվ Նվերի և Արթուրի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Տղաները ցանկություն են հայտնել դադարեցնել հացադուլը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է, ինչ Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, հայտարարել են, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից:
Նշենք, որ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ արթնացնել Անկախության սերնդի ներկայացուցիներին՝ հանուն Արցախի, հասցնել մարդկանց գիտակցությանը, որ Արցախն իրոք վտանգված է, և ժամանակն է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։