չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գյումրու քաղաքապետարանում կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը

Գյումրու քաղաքապետարանում կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը

 Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը  չի հերքում՝ քաղաքում խնդիրները շատ են, լուծումները բարդ: Քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի համար քաղաքապետը պատրաստ է աշխատել առանց ամբիցիաների ու կուսակցական մտածելակերպի:

Գյումրու քաղաքապետը, «Արմենպրես»-ին քաղաքի զարգացման  իր տեսլականը ներկայացնելով,  չհերքեց՝ Գյումրիում առկա խնդիրները շատ են՝ տնակներ, անօթևաններ, գործազրկություն: Բայց քաղաքապետը հույս ունի, որ կստացվի բոլոր խնդիրները կամաց-կամաց լուծել: Այս տարի կշարունակվեն ճանապարհաշինական ծրագրերը՝ ինչպես պետական, այնպես էլ համայնքային միջոցների հաշվին: «Խնդիրները շատ են, լուծումները  երբեմն բարդ: Բնականաբար, փորձում ենք գիշերը ցերեկ աշխատել: Դժվարություններ կան, բայց հաղթահարելի են»,-նշում է քաղաքապետը՝ վստահեցնելով, որ մշակութային, մարզական ավանդույթներ ունեցող քաղաքը ղեկավարելը պարտավորեցնող է:

Քաղաքը զարգացնելու համար «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացնող  Գյումրու քաղաքապետն իր բանաձևն ունի՝ հանուն քաղաքի, առանց կուսակցական մտածելակերպի: «Աշխատող մարդու համար կուսակցական մտածելակերպ չկա: Գործերը շատ են, պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք ստեղծված իրավիճակից դուրս գալ:  Բոլոր կուսակցությունների հետ լավ հարաբերությունների մեջ ենք՝ և ընտրությունների շեմը հաղթահարած, և չհաղթահարած ուժերի: Մենք կառուցողական ենք ու բաց: Քաղաքը փոքր է՝ քաղաքականությամբ զբաղվելը սխալ»,-նշում է Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ քաղաքը զարգացնելու համար ամբիցիաները մի կողմ պետք է դնել:

Նորընտիր քաղաքապետը չի թաքցնում՝ աշխատանքային կենսագրությունը սկսել է «Գարեջրի ածիկի»   գործարանում բանվորությունից, ու դա է պատճառը, որ կարևորում է ցանկացած աշխատանք: Նր խոսքով՝ գնահատել ու արժևորել է պետք հատկապես նրանց, ովքեր, չնայած եղանակային պայմաններին, իրականացնում են քաղաքի մաքրման աշխատանքները:  Մինչև Գյումրու քաղաքապետ դառնալը Սամսոնյանը  ղեկավարել է «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը ու լավ գիտի այդ դժվարությունները: «Քաղաքի նկատմամբ սերը սեփական տան պես պետք է լինի»,-ասում է Սամսոնյանը:

Քաղաքապետարանի ծախսերը նվազեցնելու համար Գյումրու քաղաքապետարանում կրճատվել  է ծառայողական մեքենաների թիվը, քաղաքապետն էլ է հրաժարվել ծառայողական մեքենայից ու  իր սեփական մեքենայով է աշխատանքի գնում։

 Քաղաքապետի համար այս ընթացքում ամենամեծ դժվարությունը ընտանիքին քիչ ժամանակ տրամադրելն է. 3 երեխաների հայրը անկեղծանում է՝ չի հասցնում զավակների մեծանալը տեսնել: «Մինչև պաշտոնը ստանձնելն ասում էի՝ բնակչությունը քվե տվեց, կշահի քաղաքը, կտուժի ընտանիքը, չտվեց՝ կշահի ընտանիքը: Հիմա «տուժողը» ընտանիքն է: Ուշ եմ գնում տուն, շուտ աշխատանքի գալիս, չեմ հասցնում երեխաներիս տեսնել»,-ասում է քաղաքապետը՝ նշելով, որ իր երեխաների ապագան հենց Գյումրիում է տեսնում:

  • Կիսվել: