չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մեծ Բրիտանիան դադարեցնում է ազատ առևտրի բանակցություններն Իսրայելի հետ

Մեծ Բրիտանիան դադարեցնում է ազատ առևտրի բանակցություններն Իսրայելի հետ

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ազատ առևտրի բանակցություններն Իսրայելի հետ և պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափի մի շարք հայտնի գործիչների և մի քանի վերաբնակների նկատմամբ։ յս մասին հայտնում է   The Associated Press-ը։ 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին նշել է, որ կառավարությունը չի կարող շարունակել բանակցություններն Իսրայելի կառավարության հետ գործող առևտրային համաձայնագրի թարմացման վերաբերյալ՝ անընդունելի քաղաքականություն անվանելով Գազայում և Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում իրականացվող գործողությունները։

«Պատմությունը կդատի նրանց։ Օգնության արգելափակում։ Պատերազմի ընդլայնում։ Բարեկամների և գործընկերների մտահոգությունների անտեսում։ Սա արդարացում չունի և պետք է դադարեցվի», - հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարարը։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ դաշինքը վերանայում է Իսրայելի հետ առևտրային կապերը կարգավորող ԵՄ պայմանագիրը՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Նա նշել է, որ անդամ երկրների «հսկայական մեծամասնությունը» «շատ է ցանկանում այն ուղերձն ուղարկել, որ այս մարդկանց տառապանքներն անտանելի են»։ 

Նա, սակայն, չի տրամադրել պայմանագրի վերանայման ժամկետների և մեխանիզմների վերաբերյալ հստակ մանրամասներ։

Մերձավոր դաշնակիցների ճնշումն Իսրայելի վրա աճում է Գազա օգնության մատակարարումների գրեթե երեքամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել է սովի մասին նախազգուշացումների։ Նույնիսկ Միացյալ Նահանգները՝ Իսրայելի հավատարիմ դաշնակիցը, մտահոգություն է հայտնել սովի ճգնաժամի վերաբերյալ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Գազային տրամադրվող օգնությունը որակելով «լիովին անբավարար»։ Նրանք սպառնացել են Իսրայելի դեմ «կոնկրետ գործողություններ», այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել Գազայում և օկուպացված Արևմտյան ափում նրա գործունեության համար՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել Գազայում իր նոր «սարսափելի» ռազմական գործողությունները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է համատեղ հայտարարությունը և այն անվանել «հսկայական մրցանակ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին ցեղասպան հարձակման համար»։

Իսրայելը հայտարարել է, որ ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա, որպեսզի շարժումն ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ պատանդներին ազատ կարձակի միայն երկարատև հրադադարի և Իսրայելի զորքերի դուրսբերման դիմաց։

 

  • Կիսվել: