երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Գյումրի քաղաքում՝ «Հայփոստի» գլխավոր գրասենյակի տարածքում (Կայարանամերձ հրպ., 1 շենք), կգործարկի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ «Հայփոստի» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություններ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Շիրակի մարզի բնակիչներին հրավիրում է մասնակցելու գրասենյակի բացման արարողությանը։

Հիշեցնենք, որ ներկայում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվը երկուսն է․ Երևանում գործողը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «Հայփոստի» բաժանմունքի Երևանյան 10 հասցեում։

 

  • Կիսվել: