հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր

Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր

Երեկ գիշեր Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկտի հետևանքով քաղաքում ստեղծվել է իսկական ֆորսմաժորային իրավիճակ։ Ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:

Հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից։

Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնել է, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։

«Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,- նշել է Չադրյանը։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել համապատասխան ամբողջ տեխնիկան։ Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։

  • Կիսվել: